Ինչ է կրիպտո արժույթը․ Կրիպտոարժույթը թվային կամ վիրտուալ արժույթ է, որն օգտագործում է գաղտնագրում (կրիպտոգրաֆիա)՝ գործարքների անվտանգությունն ապահովելու համար։ Ի տարբերություն ավանդական արժույթների, կրիպտոարժույթները չեն վերահսկվում որևէ կենտրոնական բանկի կամ պետական մարմնի կողմից։ Դրանք գործում են ապակենտրոնացված համակարգի միջոցով, որտեղ բոլոր գործարքները գրանցվում են թվային մատյանում՝ բլոկչեյնում։ Կրիպտոարժույթների հիմնական առավելությունն այն է, որ մարդիկ կարող են փոխանցումներ կատարել անմիջապես՝ առանց բանկերի կամ այլ միջնորդների մասնակցության։ Գործարքները գոյություն ունեն միայն թվային ձևաչափով և պահվում են հատուկ թվային դրամապանակներում։
Կրիպտոարժույթների ստեղծման գործընթացը կոչվում է մայնինգ։ Այն իրականացվում է համակարգիչների միջոցով, որոնք լուծում են բարդ մաթեմատիկական խնդիրներ և ստեղծում նոր թվային արժույթներ։ Կրիպտոարժույթներ կարելի է նաև գնել հատուկ հարթակներից և դրանք օգտագործել վճարումների կամ ներդրումների համար։
Առաջին և ամենահայտնի կրիպտոարժույթը Բիթքոյինն է, որը ստեղծվել է 2009 թվականին։ Այսօր գոյություն ունեն հազարավոր տարբեր կրիպտոարժույթներ, և դրանց նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Կրիպտոարժույթները համարվում են ֆինանսական ոլորտի կարևոր նորարարություններից մեկը, որոնք ապագայում կարող են լայն կիրառություն ունենալ։
Նախապատմություն և «առաջին քայլեր»
Կրիպտոարժույթների պատմությունը սկիզբ է առել 1989 թվականին, երբ համակարգչային գիտնական Դեյվիդ Լի Չաումը մշակեց թվային փողի նախնական ձևը՝ օգտագործելով գաղտնագրային մեթոդներ։ 1998 թվականին Ուեյ Դային ներկայացրեց «b-money»-ի գաղափարը, իսկ Նիկ Սաբոն ստեղծեց «Bit Gold»-ը՝ նպատակ ունենալով նվազեցնել վստահության անհրաժեշտությունը ֆինանսական գործարքներում։ Թեև այս վաղ փորձերը լայն տարածում չգտան, դրանք սկիզբ դրեցին կրիպտոարժույթների ստեղծման համար։
2009 թվականին գործարկվեց Սատոշի Նակամոտո կեղծանունով հանդես եկող հեղինակի «Բիթքոյինը» (Bitcoin), որը ճանաչվեց որպես առաջին իրական կրիպտոարժույթ։ Այն ստեղծվեց որպես ապակենտրոնացված այլընտրանք ավանդական ֆինանսական համակարգին՝ ի պատասխան 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի։
Բիթքոյինից հետո հայտնվեցին նոր թվային արժույթներ, որոնք կոչվեցին «ալտքոյիններ»՝ ալտերնատիվ մետաղադրամներ)։ Դրանցից է 2015 թվականին ստեղծված Էթերիումը (Ethereum), որն այժմ երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթն է։ Այն նախագծվեց ապակենտրոնացված հավելվածների և սմարթ-պայմանագրերի աջակցման համար։ Ալտքոյինները նպատակ ունեն բարելավել Բիթքոյինի թերությունները, առաջարկել գործարքների ավելի մեծ արագություն կամ լրիվ նոր գաղափարներ բերել կրիպտոների համակարգ։
Ընթացիկ տենդենցներ կրիպտո արժույթներում
Կրիպտոարժույթների շուկան արձանագրում է կայուն աճ։ 2025 թվականին այն գնահատվել է 6,3 միլիարդ դոլար, իսկ մինչև 2033 թվականը նախատեսվում է այն հասցնել 18,2 միլիարդ դոլարի՝ ապահովելով 14,5% տարեկան բարդ աճ (CAGR)։ 2025-ին թվականին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը զբաղեցրել է շուկայի ամենամեծ մասնաբաժինը՝ 31%–ով, իսկ ԱՄՆ-ն առաջատար է եղել ստացված եկամտի ծավալով։ Շուկայում ապարատային սեգմենտը՝ հատկապես ASIC սարքավորումները, ունեցել են ամենամեծ հասույթը։
Շուկայի զարգացմանը նպաստող գործոններն են թվային մատյանների տեխնոլոգիայի (DLT) կիրառումը, անդրսահմանային փոխանցումների աճը և արհեստական բանականության ներդրումը: Խոշոր ընկերությունները, օրինակ՝ Tesla-ն և MasterCard-ը, արդեն ընդունում են թվային արժույթներ:
2026 թվականի դրությամբ նոյեմբերին կրիպտոարշույթների ընդհանուր կապիտալիզացիան հասել է ռեկորդային 2,259 տրիլիոն դոլարի, ինչը ցույց է տալիս ինստիտուցիոնալ ներդրումների աճը։
Ոլորտի աճին խոչընդոտում են միասնական ստանդարտների բացակայությունն ու անօրինական նպատակներով կրիպտոարժույթների օգտագործման ռիսկերը։ Այդ պատճառով պետական մարմինները փորձում են մշակել իրավական կանոնակարգեր շուկան վերահսկելու համար, ինչպիսիք են Եվրոպական միության MiCA օրենքը կամ Հնդկաստանի կողմից սահմանված 30% հարկը։
Կրիպտոարժույթների տեսակները
Կրիպտոարժույթները բաժանվում են մի քանի հիմնական տեսակների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նպատակը.
- Արժույթներ. Այս խմբում ներառված են հիմնական կրիպտոարժույթները՝ Բիթքոյինը և այլ կրիպտոարժույթներ, ինչպիսին է Էթերիումը: Դրանք օգտագործվում են տարբեր գնումներ կատարելու, ակտիվներ պահպանելու համար:
- Ակտիվներ. Այս տեսակը ներառում է սթեյբլքոյինները (օրինակ՝ USDT կամ Gold GLC), որոնց արժեքը կապված է ֆիատ արժույթների կամ իրական ակտիվների գնից: Դրանք թույլ են տալիս թրեյդերներին պահել իրենց ներդրումները կրիպտոհամակարգում՝ դրանք առանց ֆիատ արժույթի վերածելու:
- Օգտակարության թոքեններ. Օգտագործվում են թողարկողի կողմից առաջարկվող որոշակի արտադրանքից կամ ծառայությունից օգտվելու համար: Դրանք չունեն ներքին արժեք և չեն համարվում ներդրումային արտադրանք:
- Արժեթղթային թոքեններ. Սրանք իրական ֆինանսական արժեթղթերի կրիպտո համարժեքն են: Այս տեսակը ունի կարգավորող համակարգ, փոխարինելի է, հնարավոր է գնել կամ վաճառել ցանկացած քանակով:
- Արժեքային թոքեններ. Սրանք եզակի թվային արժույթներ են: Դրանց արժեքը ձևավորվում է ըստ շուկայական իրավիճակի և նախատեսված են ֆիատի, կրիպտոարժույթի կամ այլ արժեքավոր արժույթների հետ փոխանակման համար:
- Մեմքոյիններ. Սրանք օգտագործվում են որպես բարձր սպեկուլյատիվ ակտիվներ: Գները բարձրանում են մեմերի ու սոցցանցերի շնորհիվ, իսկ ներքին արժեքի բացակայությունը դրանք դարձնում է բարձր ռիսկային ներդրում:
Համաշխարհային հայտնի կրիպտո արժույթները
Կան կրիպտոարժույթների մի շարք տեսակներ: Դրանցից ամենահայտնիներն ու առավել օգտագործվողներն են.
- Բիթքոյնը (BTC) 2009-ին թողարկված առաջին և խոշորագույն կրիպտոարժույթն է։ Այն ունի համաշխարհային ճանաչում։ Այն ստեղծվել է որպես ապակենտրոնացված վճարային համակարգ՝ զերծ պետական և բանկային վերահսկողությունից: Նրա հիմնական արժեքը կայանում է սահմանափակ քանակի (21 միլիոն) և անվտանգության մեջ: Բիթքոյինը համարվում է ակտիվների պահպանման ամենահուսալի թվային միջոցը։
- Էթերիումը (ETH) մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթն է, որն ունի անսահմանափակ թողարկում: Այն ապակենտրոնացված բլոկչեյն հարթակ է, որը թույլ է տալիս ստեղծել և գործարկել խելացի պայմանագրեր, ապակենտրոնացված հավելվածներ:
- Սոլանան լավագույն ալտքոյիններից է, որն աչքի է ընկնում իր բարձր արագությամբ և ցածր վճարներով։ Այն Էթերիումի գլխավոր մրցակիցն է։
- Լայթքոինը ստեղծվել է Բիթքոյինի հիմքով՝ որպես դրա ավելի արագ ու թեթև տարբերակ, և ունի 84 միլիոնի սահմանափակում։ Այն գործարքները կատարում է արագ և ունի տվյալները պաշտպանող գաղտնիության հատուկ ֆունկցիա։
- Ավալանշը ցածր վճարներով բլոկչեյն հարթակ է, որը նախատեսված է խելացի պայմանագրերի և ապակենտրոնացված հավելվածների համար։
- Կարդանոն գիտական հետազոտությունների վրա հիմնված բլոկչեյն հարթակ է, որը կենտրոնացած է անվտանգության և մասշտաբավորման վրա։
- Ռիփփլը նախատեսված է միջազգային դրամական փոխանցումները արագացնելու համար։ Գործարքները հաստատվում են վայրկյանների ընթացքում և ցածր ծախսերով։
- Պոլկադոտը ստեղծվել է տարբեր բլոկչեյնների միջև կապ հաստատելու համար։ Այն նպաստում է տվյալների և ակտիվների փոխանակմանը տարբեր ցանցերի միջև։
Ինովացիաները կրիպո արժույթի ոլորտում
Կրիպտոարժույթների շուկան մշտապես զարգանում է՝ բլոկչեյն տեխնոլոգիաների առաջընթացին զուգընթաց:
Շուկայական միտումներից մեկը ապակենտրոնացված ֆինանսներն են (DeFi): Բլոկչեյնի միջոցով DeFi-ն առաջարկում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են վարկերը, ապահովագրությունը և փոխանակումները՝ վերացնելով բանկերի նման ավանդական կառույցների միջնորդությունը: Սա նպաստում է ավելի մեծ ֆինանսական թափանցիկությանը և ընդլայնված հնարավորությունների:
Մեկ այլ նորարարություն են ոչ փոխարինելի թոքենները (NFT): Ի տարբերություն սովորական կրիպտոարժույթների, յուրաքանչյուր NFT եզակի է և չկրկնվող: Դրանք կատարյալ գործիք են թվային ակտիվների՝ արվեստի գործերի, հավաքածուների և վիրտուալ սեփականության իսկությունն ու սեփականության իրավունքը հաստատելու համար՝ թույլ տալով հեղինակներին եկամուտ ուեննալ իրենց աշխատանքներից:
Օգտատերերի համար, ովքեր ցանկանում են կրիպտոարժույթների շնորհիվ ֆինանսական ազատություն ունենալ, Bitsa-ն առաջարկում է կանխավճարային քարտ: Այն թույլ է տալիս լիցքավորել հաշիվը կրիպտոարժույթով և օգտագործել միջոցները ամենօրյա ծախսերի ու Եվրոպայում ճամփորդությունների ժամանակ:
Այս նորարարությունները վերափոխում են թվային վճարումներն ու ներդրումները՝ ստեղծելով ավելի թափանցիկ ֆինանսական համակարգ:
ԱԲ-ի ազդեցությունը կրիպտո արժույթի ոլորտի վրա
Արհեստական բանականության կիրառումը կրիպտոարժույթների համակարգում հեղափոխում է գլոբալ ֆինանսական համակարգը՝ ստեղծելով ինքնավար կառույցներ: Այս համագործակցության մեջ բլոկչեյնը հանդես է գալիս որպես տվյալների թափանցիկ ու անփոփոխ համակարգ, իսկ ԱԲ–ն ապահովում է որոշումների կայացումը:
ԱԲ-ն առանցքային դեր ունի կրիպտոհամակարգի անվտանգության հարցում: Այն վերլուծում է մեծածավալ տվյալները, բացահայտում կասկածելի օրինաչափությունները, կանխում խարդախություններն ու թվային հարձակումները: Օրինակ՝ Chainalysis-ի գործիքները (Hexagate, Alterya, KYT) իրական ժամանակում հայտնաբերում են դրամապանակների կոտրումները, սպամ-փոխանցումները և արգելափակում պատժամիջոցների տակ գտնվող հասցեները:
ԱԲ գործիքներն արդեն կարող են ինքնուրույն գնահատել շուկայի իրավիճակը և նախապես սահմանված սահմանաչափերում կատարել գործարքներ: Այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Visa-ի Trusted Agent–ը, PayPal-ի և OpenAI-ի համագործակցությունը կամ Google-ի AP2 ստանդարտը, թույլ են տալիս իրականացնել ակնթարթային մեքենայական վճարումներ առանց մարդու միջամտության:
ԱԲ-ն օգտագործվում է նաև առևտրային ազդանշանների և ռիսկերի մոդելավորման համար: ԱԲ–ի շնորհիվ կրիպտոարժույթները կդառնան ավելի արդյունավետ և վստահելի:
Ազդեցությունը մարդկանց գործունեության և ֆինանսների վրա
Կրիպտոարժույթները զգալիորեն փոխում են մեր կենսակերպն ու ֆինանսական սովորությունները՝ բացելով զարգացման նոր հնարավորություններ:
Դրանք նպաստում են ֆինանսական ներգրավվածությանը: Հեռու շրջանների բնակիչները, ովքեր չունեն հասանելիություն ավանդական բանկային համակարգերին, այժմ կարող են մասնակցել համաշխարհային տնտեսությանը, ուղարկել ու ստանալ գումարներ, վարկեր վերցնել: Բացի այդ, կրիպտոարժույթները ընդլայնել են ներդրումային հնարավորությունները՝ թույլ տալով յուրաքանչյուրին դիվերսիֆիկացնել իր խնայողությունները Bitcoin-ի, Ethereum-ի կամ ապակենտրոնացված ֆինանսական (DeFi) համակարգերի միջոցով:
Թվային վճարումների ոլորտում կրիպտոարժույթներն ապահովում են արագ, անսահմանափակ և անվտանգ գործարքներ՝ նվազեցնելով կախվածությունը միջնորդ բանկերից, ինչը հատկապես ձեռնտու է միջազգային փոխանցումների համար: Այն մարդկանց տալիս է անկախություն սեփական ֆինանսների նկատմամբ:
Հայաստանի կրիպտոակտիվների կանոնակարգերը
Կրիպտոակտիվների մասին կանոնակարգերի նպատակներն են Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռք բերողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար և թափանցիկ գործունեության ապահովումը և կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
Կարևոր կանոնակարգերից են.
Կանոնակարգ 7/01. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի և ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը»։ Սույն կանոնակարգը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման և լիցենզավորման կարգը, փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ պահանջները, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիայի միասնական ձևը և այլ դրույթներ:
Կանոնակարգի կարևոր կետերից են.
- Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը, Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ ՍիԲի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով և ուղեկցող գրությամբ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ պահպանվող տեղեկությունների՝ որոնք կարող են ներկայացվել նաև առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ՝ գործարար ծրագրին կից աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել ֆորմատով:
- Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կանոնադրությունները (դրանցում կատարվող փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:
- Նոր ստեղծվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նոր ստեղծվող մասնաճյուղերի վրա սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված պահանջը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային-թվային ստորագրություն ստանալու պահից: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք, երբ արդեն միացված են Սի-Բի-Էյ-նեթ համակարգին և ստացել են անվտանգության համապատասխան հավաստագրերը, Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ ՍԻ-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ համապատասխան ստորագրությունն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Կանոնակարգ 7/02. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերը»: Այս կանոնակարգի նպատակն է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանել ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափեր՝ գործունեության հետ կապված հնարավոր կորուստները կլանելու, իրենց ֆինանսական կայունությունն ապահովելու, հաճախորդների շահերը պաշտպանելու և, ընդհանուր առմամբ, կրիպտոակտիվների շուկայի բնականոն գործունեությունը ապահովելու համար:
Կանոնակարգի կարևոր կետերից են.
- Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալը հաշվարկվում է ամսական պարբերականությամբ։
- Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափը յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով: Օրենքի համաձայն լիցենզավորվելուց հետո առաջին ամիսը լիցենզավորման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրը (ներառյալ) ընկած ժամանակահատվածն է։
- Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է որպես հետևյալ մեծությունների առավելագույն մեծություն․
1) համապատասխան կրիպտոակտիվներով ծառայության համար սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված մեծություն.
2) սույն կանոնակարգի 5-րդ գլխի համաձայն հաշվարկված ֆիքսված ծախսերի 25 %.
3) ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայության դեպքում սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված պահուստային ակտիվների միջին մեծության 2%, իսկ եթե ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկմանը նախորդող օրացուցային տարվա միջին օրական հաշվարկով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի առնվազն իր կողմից թողարկված բոլոր ակտիվին կցված թոքենների 50 000 ձեռքբերող, ապա` 3%:
